Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական համարը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ իններորդ համարը։ Արդեն չորս տարի հրատարակվող պարբերականը 2021 թվականից ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրապարակումների ցանկում և վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերականում հրատարակված բոլոր գիտական հոդվածները ստացել են DOI միջազգային թվային նույնականացուցիչ, որն այսօր հանդիսանում է գիտական ոլորտում վիրտուալ տարածքում տվյալների փոխանակման գործուն համակարգ: Պարբերականում ընգրկված հոդվածները վերաբերվում են դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղություններին, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների կիրառական նշանակությանը։ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, պարբերականի գլխավոր խմբագիր Արգամ Հովսեփյանի խոսքով՝ անցած չորս տարիների ընթացքում դատափորձագիտական ոլորտի տարբեր բնագավառներում իրականացված նշանակալի քայլերի և ներդրված ջանքերի շնորհիվ պարբերականն իր ուրույն տեղն է զբաղեցրել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտական համայնքում՝ արժանանալով բարձր գնահատականի: Անդրադառնալով մեր երկրում դատափորձագիտական գործունեության ոլորտի նոր միտումներին և ժամանակակից պահանջներին, Հովսեփյանն ընդգծել է, որ դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղությունների նախանշումը անմիջականորեն կախված է դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող և լուծման ենթակա առաջադրվող խնդիրների բնույթից և շրջանակներից, որով պայմանավորված սահմանվում են գիտական հետազոտությունների արդիական ուղղությունները, որոնց արդյունքները կարող են ունենալ կիրառական կարևոր նշանակություն և անհրաժեշտ են դատափորձագիտական ոլորտի գիտականահեն գործունեության ապահովման համար:
«Համոզված եմ, որ գիտատեխնիկական առաջընթացի ժամանակակից ձեռքբերումների ներդաշնակ կիրառումն ու ոլորտի գիտամեթոդական ապահովումը հնարավորություն կտա բարելավել փորձաքննությունների որակը և ապահովել գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքները։ Ներկայումս, նորարարական թվային տեխնոլոգիաների կիրառումն էականորեն ընդլայնել է փորձագիտական հետազոտությունների հնարավորությունները, բարձրացրել հետազոտությունների արդյունքների արժանահավատությունն ու գիտական մակարդակը, կրճատել փորձաքննությունների ժամկետները և կարևոր դեր ստանձնել փորձագիտական մի շարք բարդ խնդիրների լուծման գործում՝ նպաստելով օրենքի գերակայությանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրում»,-ընթերցողին ուղղված իր խոսքում նշել է Բյուրոյի ղեկավարը։
Նշենք, որ տարեվերջին լույս կտեսնի պարբերականի հոբելյանական 10-րդ համարը: Պարբերականի առավել լայն ճանաչելիությունն ու արտասահմանյան ընթերցողների համար հասանելիությունն ապահովելու նպատակով պարբերականի խմբագրական խորհուրդը շարունակ քայլեր է ձեռնարկում ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվող հոդվածների քանակն ավելացնելու ուղղությամբ:
28 Դեկտեմբեր 2016